Կենսաբանական տեսակ
Տեսակ (լատիներեն՝ species), բնության մեջ որոշակի տարածք՝ արեալ զբաղեցնող և պատմականորեն կազմավորված առանձնյակների ամբողջություն է, որը բնութագրվում է ընդհանուր ծագումով, միջավայրի պայմաններին հարմարվելու նման համակարգով և սերունդներում հիմնական հատկությունների և հատկանիշների վերարտադրումով։ Բնական պայմաններում տարբեր տեսակներ իրար հետ չեն խաչասերվում։ Բնության մեջ տեսակները տեղաբաշխված են անհավասարաչափ։ Տեսակի պարզագույն կառուցվածքը պոպուլյացիան է։ Առաջին անգամ գործածել է Կառլ Լիննեյը։ Իսկ արդեն Չարլզ Դարվինը ունի մի շարք աշխատություններ նվիրված տեսակներին, հատկապես հայտնի է նրա «Տեսակների ծագումը» աշխատությունը։ Ներկայումս երկրագնդի վրա հանդիպող կենդանի օրգանիզմների թիվը տարբեր աղբյուրներով տարբեր է, հաշվվում է 8.7 միլիոն տեսակ[1][2]։
Տեսակների միջև գոյություն ունեցող վերարտադրողական արգելքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերարտադրողական արգելք է համարվում այն ամենը, որ կանխում է իրար հետ մնացած մերձավոր կապ ունեցող տեսակների ներկայացուցիչների խաչասերումը։
Նախազիգոտային արգելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախազիգոտային արգելքները կանխում են տեսակների միջև զուգավորումը կամ բեղմնավորումը։ Արգելքը կարող է պայմանավորված լինել ժամանակով (Ժամանակային մեկուսացում)։ Օրինակ արևմտյան ժանտաքիսները բազմանում են աշնանը, մինչդեռ նրանց արևելյան տեսակը բազմանում է ուշ ձմռանը։ Կամ տեսակների միջև կարող են լինել բնակամիջավայրային մեկուսացումներ՝ պոպուլյացիաներն ապրում են տարբեր միջավայրերում և չեն հանդիպում միմյանց։ Գոյություն ունեն նաև վարքագծային (պոպուլյացիաների միջև գոյություն ունի շատ քիչ սեռական գրավչություն կամ այն ընդհանրապես չկա), մեխանիկական մեկուսացում (կառուցվածքային տարբերությունները կանխարգելում են բեղմնավորումը), գամետային արգելքներ (արական և իգական գամետները չեն կարող միավորվել բեղմնավորման համար)։
Հետզիգոտային արգելքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մի քանի տեսակի հետզիգոտային արգելքներ՝ հիբրիդի նվազ կենսունակություն հիբրիդային զիգոտը չի կարողանում զարգանալ կամ չի դառնում սեռահասուն, հիբրիդի նվազ բեղունություն՝ հիբրիդները չեն կարողանում առաջացնել գործող գամետներ, հիբրիդի ընդհատում՝ հիբրիդները կամ շատ թույլ են կամ ամուլ։
Տեսակաառաջացման մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակները կարող են առաջանալ հիմնականում երկու եղանակներով՝ ալոպատրիկ՝ գեների հոսքի հիմնական արգելքն աշխարհագրական է, որը զուտ ֆիզիկապես է մեկուսացնում առաջացրած պոպուլյացիան և սիմպատրիկ՝ նոր տեսակի առաջացումն է առանց աշխարհագրական մեկուսացման, սակայն առաջացրած պոպուլյացիան վերարտադրողական առումով մեկուսանում է անգամ եթե այն հենց մայրական պոպուլյացիայի կենտրոններում է բնակվում։
Տեսակների դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Լիննեյի համակարգը յուրաքանչյուր տեսակին տալիս է իր անվանակարգումը։ Անվանումների առաջին մասը՝ ցեղն է, որին պատկանում է տվյալ տեսակը, հաջորդը՝ ընտանիքը, ընտանիքները միավորվում են կարգերում, կարգերը՝ դասերում, դասերը տիպերում, տիպերը՝ թագավորություններում, թագավորությունները՝ վերնաթագավորություններում (կա կյանքի երեք վերնաթագավորություն)։
Տեսակի անհետացման տեմպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը համարվում է ամբողջովին անհետացած, եթե ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չի մնացել նրա ոչ մի կենդանի առանձնյակ, օրինակ՝ Բահմանի որթուկը։ Եթե ողջ են մնում առանձին անհատներ ոչ ազատության մեջ կամ էլ այս կամ այն կերպ նրանք պահպանվում են մարդու ուղիղ ազդեցության շնորհիվ, ապա ասում են, որ տեսակը անհետացել է բնական էկոհամակարգերում, օրինակ՝ Ֆրանկլինի ծառը անհետացել է բնության մեջ, բայց լավ աճում է ջերմոցներում։ 2 դեպքում էլ տեսակը համարվում է ամբողջովին անհետացած։ Տեսակը համարվում է որոշակիորեն անհետացած, եթե նրան չեն հայտնաբերում համապատասխան արեալի ամբողջ տարածքում, բայց հայտնաբերում են որոշակի կետերում, օրինակ՝ ամերիկական գերեզմանափոր բզեզը, որը մի ժամանակ հանդիպում էր Հյուսիսային Ամերկայի արևելյան և կենտրոնական հատվածների միջև ընկած ամբողջ տարածքում, այժմ ամենուր անհետացել է, բացի 3 առանձին շրջաններից։ Որոշ կենսաբաններ խոսում են էկոլոգիապես անհետացած տեսակների մասին այն դեպքում, եթե տեսակը մնացել է այնքան քիչ քանակությամբ, որ նրա ազդեցությունը համակեցության մյուս տեսակների վրա շատ քիչ է, օրինակ՝ վագրերը։ Վայրի բնությունում այնքան քիչ քանակով են մնացել այս կենդանիները, որ նրանց ազդեցությունը մյուսների վրա շատ չնչին է։
Կենսաբանության մեջ բնության պահպանության ամենակարևորագույն հարցը այն է, թե ինչքան ժամանակ կարող է տեսակը դիմանալ մինչև լրիվ անհետացումը։ Երբ տեսակի քանակը հասնում է յուրաքանչյուր տեսակի համար յուրահատուկ կրիտիկական թվի, տեսակի անհետացման հաճախականության աստիճանը դառնում է ամենաբարձրը։ Որոշ պոպուլյացիաներում ողջ մնացած մի քանի առանձնյակները կարող են ապրել մի քանի տարի կամ տասնյակ տարիներ և նույնիսկ կարող են բազմանալ, բայց նրանց ապագան մեկ է անհետացումն է, եթե իհարկե, չկատարվեն նրանց պահպանման համար կոնկրետ արդյունավետ գործընթացներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ученые насчитали на Земле 8,7 миллионов видов» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.
- ↑ Биологи посчитали все виды на Земле
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вавилов, Николай Иванович Линнеевский вид как система, Избр. произв., т. 1. — Л., 1967.
- Дарвин, Чарлз Происхождение видов путем естественного отбора…, Соч., т. 3. — М.—Л., 1939.
- Завадский К. М. Вид и видообразование. — Л., 1968.
- Комаров, Владимир Леонтьевич Учение о виде у растений. — М.—Л., 1944.
- Кэйн А. Вид и его эволюция, пер. с англ. — М., 1958.
- Майр, Эрнст Зоологический вид и эволюция, пер. с англ. — М., 1968.